Главная » Доска объявлений » Նորություններ համալսարանից

ՌԵԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՈՍՏԱՆԻԿ ԶԱՎԵՆԻ ՄԱՐՈՒԽՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
Բողոք | 27 Апреля 10, 12:52:10
ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ|ՀՊՃՀ ՌԵԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ

ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ|ՀՊՃՀ ՌԵԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ

Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական կրթության անվիճարկելի առաջատար, ավելի քան յոթ տասնյակ տարիների փառահեղ պատմություն ունեցող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (պոլիտեխնիկ), 3 տարածաշրջանային մասնաճյուղերով, երկու տասնյակին հասնող ֆակուլտետներով և բազմաթիվ մասնագիտական ու ընդհանուր կրթական ամբիոններով հանդերձ, այսօր արժանի հեղինակություն է վայելում ոչ միայն մեր երկրում, այլ նրա սահմաններից դուրս և աչքի ընկնում իր բարձր վարկանիշով:

Անցած տասնամյակների ժամանակահատվածում 100 հազարը վաղուց գերազանցած մեր շրջանավարտների ստվար բանակը իր արժանի ներդրումն է ունեցել մեր երկրի կյանքում, մշտապես պահպանելով իր առանձնակի տեղն ու դերակատարությունը:

Ճարտարագիտական հմուտ կադրերի դարբնոց, Պոլիտեխնիկը, միշտ հավատարիմ է մնացել իր վսեմ ու պատասխանատու առաքելությանը`

- հանրապետության տնտեսության կարիքներին և լայն հասարակության պահանջմունքներին համահունչ իրականացրել կրթահետազոտական ծրագրեր և մատուցել դրանց առնչվող բազմաբնույթ ծառայություններ,
- ապահովել տեխնիկական բարձրագույն կրթության այնպիսի հատկանիշներ, որոնք հնարավորություն են տվել արագորեն և ճիշտ պահին արձագանքել ու համակերպվել ճարտարագետների պատրաստման անընդհատ փոփոխվող պահանջներին,
- ըստ ամենայնի նպաստել համակարգված գիտելիքներին տիրապետող լայն պրոֆիլի որակյալ մասնագիտական ներուժի ձևավորման գործընթացի զարգացմանը և այս բոլորին զուգընթաց իր վրա է վերցրել ոչ միայն գիտակ ու բազմահմուտ պրոֆեսիոնալի, այլև հայրենասեր, ազգային ոգով դաստիարակված, օրինապահ, իր պետությանը հավատարմորեն ծառայող և բարոյական արժանիքների դավանող, բառիս ամենալայն իմաստով, բարեկիրթ անձնավորության ձևավորման հույժ կարևոր ու պատասխանատու հիմնախնդիրը:

Վերը թվարկվածի իրականացման դժվարին ճանապարհին մեր հաստատությունը միշտ էլ հավատարիմ է մնացել Պոլիտեխնիկի այն արժեքներին ու լավագույն ավանդույթներին, որոնք տասնամյակների ընթացքում ձևավորվել են պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների ու ուսանողների տարբեր սերունդների կողմից: Պոլիտեխնիկցին միշտ էլ աչքի է ընկել ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով, այլև հայրենասիրությամբ, լայն մտահորիզոնով, պատասխանատու որոշումներ ընդունելու յուրօրինակ ձիրքով և արագ կողմնորոշվելու ունակությամբ և այս առումով շատ բնական է ու տրամաբանական այն, որ պոլիտեխնիկցի պետական-քաղաքական գործիչների մի ստվար խումբ նվիրվածությամբ ու պատվով ծառայել ու շարունակում է ծառայել մեր ժողովրդին ու պետությանը:

Վերջին 15 տարիները մեր համալսարանի կենսագրության կառուցվածքային ու լայնամասշտաբ ծրագրային փոփոխությունների, փնտրտուքի ու հիմնականում ձեռքբերումների տարիներ էին:

Մենք հավակնոտ հիմնավորված քայլերով ձգտում ենք դառնալ իրավահավասար անդամն Եվրոպական բարձրագույն կրթատարածքի և ապահովել միջազգային չափանիշներին հարիր բարձրագույն տեխնոլոգիական կրթություն:

Հայոց անկախ պետականության կերտման ներկա ոչ այնքան դյուրին փուլում մենք ունենք ծանրակշիռ ասելիք ու անելիք և ինչպես միշտ` մեզանից պահանջում և կշարունակեն պահանջել բծախնդրությամբ ու հավատով, քանզի մենք ունակ, կարող ու բռունցքված ուժ ենք:

Այս լավատեսությունը թող երբեք չլքի մեզ և նեցուկ լինի բոլոր պոլիտեխնիկցիներին` աշխարհի որ ծայրերում նրանք գտնվելիս լինեն:

Добавил: musho5755 | E
Просмотров: 570 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]