Главная » Доска объявлений » Նորություններ համալսարանից

ՀԱՅԱՑՔ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻՆ
Տեղեկություն | 27 Апреля 10, 12:48:09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)|Գլխավոր մասնաշենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)|Գլխավոր մասնաշենք

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն իրավաժառանգորդն է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933թ.` ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող: Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980-1985 թթ. հասել իր զարգացման գագաթնակետին՝ ունենալով շուրջ 25000 ուսանողներ և 66-ից ավելի մասնագիտություններ, դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը: Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1991թ. նոյեմբերի 29-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ)»: ՀՀ կառավարության որոշմամբ 2005թ. Համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը:

ՀՊՃՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում: Կրթահամալիրների կազմում գործում են բաժանմունքներ, դեպարտամենտներ և ամբիոններ: ՀՊՃՀ կառավարման մարմիններն են Համալսարանի Խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը:

Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով: Բացի նշված հիմնական ծրագրերից, Համալսարանն առաջարկում է նաև լրացուցիչ կրթական ծրագրեր՝ շարունակական կրթության իր կառույցների միջոցով: Համալսարանի մասնագիտացման տիրույթն ընդգրկում է ճարտարագիտության և տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական պրոֆիլի բակալավրական 36 և մագիստրոսական 32 մասնագիտություններով:
Համալսարանն իր գործունեության 75 տարիների ընթացքում երկրին տվել է մոտ 110 հազար շրջանավարտներ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում: Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում` ձգտելով նպաստել իրենց Ալմա Մաթերի համակողմանի զարգացմանը:

Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ: ՀՊՃՀ հայերեն և անգլերեն լեզուներով ուսում են ստանում շուրջ 400 արտասահմանցի ուսանողներ: Համալսարանի 1000-ից ավելի հիմնական դասախոսական կազմի մեծամասնությունն ունի գիտական աստիճաններ: Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն:

Համալսարանն առաջատար դերակատարություն ունի Հայաստանում ընթացող բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացում: ՀՊՃՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա` եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման Եվրոպական ECTS համակարգը` Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ: Վերջին տասնամյակում Համալսարանը ձևավորել է միջազգային համագործակցության լայն ցանց, որն ընդգրկում է աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ և գիտական կենտրոններ:

Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում:

Добавил: musho5755 | E
Просмотров: 589 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]